Տարիներ առաջ՝ 2008թ-ին, ի ուրախություն արեւիկցիների, գյուղում բացվեց համակարգչային սրահ՝ տեղի ժողովրդապետ Հայր Անտոն Թոթոնջյանի եւ ֆրանսահայ բարերար պրն․ Միշել Դավուդյանի անմիջական ջանքերով։ Այս հնարավորությունը բացառիկ երեւույթ էր գյուղի մեջ, քանի որ Հայաստանի Հանրապետության գյուղերի մեծամասնությունը դեռեւս չունեին նման հնարավորություններ ու ծառայություններ։ Մինչ օրս էլ համակարգչային սրահը ծառայում է իր բուն նպատակին։ Ինտերնետ կապը գործում է անխափան եւ հասանելի է գյուղի երիտասարդությանը։ Այն մեծ հնարավորություն է տալիս ուսանողներին՝ օգտվելու համացանցում հասանելի, բազմաբնույթ ու անսահմանափակ տեղեկություններից, ինչպես նաեւ իրազեկ լինել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։ Համակարգչային սրահը այսօր դարձել է գյուղի կարեւորագույն օջախներից մեկը, քանի որ ի տարբերություն այլ տեղերում գործող ինտերնետ-սրահների մատուցած ծառայությունների՝ մեզ մոտ հիմնական նպատակը համակարգչային ծրագրերի ուսուցումն է, ու ըստ այդմ էլ կենտրոնը համարվում է ուսումնակրթական։ Այստեղ անցկացվում են անգլերենի, համակարգչային օպերատորության եւ ծրագրավորման, մակրամեի, կարպետագործության, երգի, պարի, տրամաբանական խաղերի ու վարժությունների, թատերախաղության, նկարչության դասընթացներ, որոնց նպատակն է ճշմարիտ արժեքներով ապագա սերունդ կերտել։ Սա ասես մի բաց համալսարան է, որտեղ տարբեր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելուց զատ, պատանիներն ու երիտասարդները կյանքի բարոյականության ու ճշմարիտ ապրելու բանաձեւն են սովորում։ Այս տարիների ընթացքում սովորող պատանիների եւ երիտասարդների թիվը գերաղանցում է 1500-ը։ Գյուղի երիտասարդների ու պատանիների համար անցկացրած այս դասընթացների միակ նպատակն է՝ փոխել նրանց աշխարհայացքը, մտածելակերպը, դարձնել բազմակողմանի զարգացած ու պատրաստված մարդիկ։ Դաստիարակել ազգին ու հավատքին նվիրված, բարձր գիտակցություն ունեցող ու քրիստոնեական առաքինություններով ապրող սերունդ։